ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու առթիվ այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ի մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն արժևորել է դեսպան Զոհուրիի անձնական ներդրումը երկու երկրների միջև բոլոր ոլորտում համագործակցության զգալի սերտացման, ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև հաղորդակցության ակտիվացման համար։
Զոհուրին ասել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարում կողմերը հասել են երկու երկրների քաղաքացիների իրավունքներից, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ընդհանուր նպատակներից բխող կարևոր արդյունքների, որոնք դեռևս զարգացնելու տեղ կա։
Նա նշել է, որ բազում ոլորտներում, այդ թվում նաև իրավական փոխօգնության և գործակցության ասպարեզում, Հայաստանը և Իրանն ունեն չիրացված մեծ ներուժ, և առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն դրան։