Հուլիսից ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի Վրաստան ճամփորդելու համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով` վերջին տարիներին Վրաստանի հետ հարաբերությունները կառուցում ենք միմյանց չվնասելու, միմյանց զգայունություններն ամբողջությամբ հաշվի առնելու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հուլիսից ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի Վրաստան ճամփորդելու համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
«Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է նախագիծը։ Հաջորդ ամսվա սկզբից այն արդեն ուժի մեջ կմտնի, մինչ այդ կստորագրի նաև Վրաստանի նախագահը։ Այս նախագծի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիների կյանքը կհեշտացվի, և նրանք կկարողանան նույնականացման քարտերով ճամփորդել Վրաստան»,– հայտարարեց Խանդանյանը։
Նրա խոսքով` այս համաձայնագրի վավերացումը բխում է ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրից։
Նախագծի զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր խոսքում ընդգծեց, որ Վրաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական հարաբերություններն ավելի են խորացել վերջին տարիներին։ Այսօր երկու երկրների միջև գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծով խրախուսում ենք ժողովուրդների բարեկամությունը, հարևանների հետ հարևանային ռեժիմով ապրելը։
«Բոլոր հարևանների հետ գոյակցության բանալին պետք է գտնենք ու իրար ոչնչացնելու ցանկություն չունենանք։ Լավագույն, պիլոտային ծրագիրը հայ-վրացական հարաբերությունները պետք է լինեն։ Այսպիսով, նաև մյուս էթնոսների հետ հարաբերություններում պետք է ձգտենք։ Եվ, ի վերջո, չմոռանանք, որ որտեղ քամի ես ցանում, փոթորիկ ես հնձում»,– ասաց Գուրգեն Արսենյանը։
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն։ Կողմ քվեարկեցին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 12–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Դա նշանակում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով: