ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
««Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքներ են տարվում հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ։
Ընդգծվում է, որ արձանագրված յուրաքանչյուր դեպք ունի ուրույն պատճառներ, և խնդրի լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող։
Հիշեցնում ենք, որ գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի։
Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կառավարության սահմանած կարգով:
Գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված` նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով տուգանք կամ 2-3 ամիս ժամկետով կալանք՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։