ՀՀ-ից 20 աշակերտ կմեկնեն ՌԴ–ի և Բելառուսի 15 քաղաք. Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տվել նրանց

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին
Աշակերտներին ճամփորդության ընթացքում ուղեկցելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ–ից 20 աշակերտ վաղը կմեկնեն Մոսկվա, այնուհետև գնացքով կուղևորվեն Ռուսաստանի և Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը` նշելով, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան այսօր հանդիպել և բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին:
Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների համար ճանաչողական այց է կազմակերպվում Ռուսաստանի և Բելառուսի այն տարածքներ, որտեղ տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից տեղեկանալով ծրագրի մանրամասներին` ՀՀ ԱԺ նախագահը նախորդ տարի հաստատել էր Հայաստանի մասնակցությունը:
Աշակերտները ընտրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում։
Ալեն Սիմոնյանը պատանիներին խորհուրդ է տվել այլազգի հասակակիցներին ներկայացնել մեր երկիրն ու խոսել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հերոսական պատումների և մեծ ավանդի մասին:

«Հիշե՛ք, որ հայ եք, անկախ Հայաստանի քաղաքացի և հենց այդ զգացումներով էլ ընկերացե՛ք ձեր տարեկիցների հետ»,- ասել է ԱԺ նախագահը` բարի երթ մաղթելով նրանց։

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ուղեկցելու է աշակերտներին ճամփորդության ընթացքում: Նրա խոսքով` նախագիծը կարևորվում է նոր սերնդին մեր նախնիների հերոսական անցյալի հետ ծանոթացնելու առումով, իսկ պատանիները հնարավորություն են ունենալու տեղում տեսնելու և պատկերացում կազմելու մեր հերոսական պապերի կողմից կերտած հաղթանակի մասին:
Աշակերտներն ասել են, որ մեծ հետաքրքրությամբ են գնացքով ուղևորվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի բովով անցած քաղաքներ և շատ բան ունեն պատմելու մեր երկրի, մեր սովորույթների մասին:
Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հիշատակի գնացք»` ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ:
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում