ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի պատվիրակությունը կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
Պատգամավորների այցի հիմնական նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության հետ կապված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որը մեկնարկել է փետրվարին։
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության անդամների և ԱԺ ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:
Պատվիրակությունը կգլխավորի Նատալի Լուազոն Ֆրանսիայից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում և Իջևանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: