Արցախի ԲԿ–ներում չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները

Կարմիր խաչի մեքենաները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Պատճառը Ադրբեջանի կողմից Կարմի խաչի միջազգային կոմիտեի` արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժի և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումների ագելափակում է։
Նշենք, որ հունիսի 15-ից Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում արգելվել էր, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը։
Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։
«Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ»,– հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Տեղեկացվում է նաև, որ դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: