ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի և Արարատի մարզի Երասխ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Երեկ էլ հայտնել էինք, որ հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք–Գեղարքունիքի մարզ) և հարավարևելյան (Ներքին Հանդ–Սյունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: