ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերված 24-ամյա աղջկա` ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևայի սպանության մեջ մեղադրվում է ԱՄՆ–ի 34–ամյա քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, Սերգեևայի մայրը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ և դրանից հետո լուր չունի աղջկա վերաբերյալ։ 24–ամյա աղջկա դին հունիսի 15-ին հայտնաբերվել էր Դիլիջանի անտառներում` մերկ և մասամբ հոշոտված վիճակում:
ՔԿից հայտնում են, որ դաբժշկական փորձաքննության նախնական ուսումնասիրության համաձայն` Սերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով։
«Սպանվածը որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չի ունեցել, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել 1989 թվականին ծնված ԱՄՆ քաղաքացի Ռ. Տ.–ի հետ։ «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններից պարզ է դարձել, որ օդանավակայանից Սերգեևան հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով։ Վարորդը եղել է հենց այդ նույն Ռ․Տ.-ն»,– ասված է հաղորդագրությունում։
Իրավապահները բացահայտել են, որ Սերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է այդ ԱՄՆ քաղաքացին։ Պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։ Պարզվել է, որ Սերգեևան և Ռ.Տ.–ն ծանոթացել են 2019 թ.–ին` Մոսկվայում, շփվել են մինչև 2020 թ. մայիս ամիսը, ինչից հետո տղայի խանդի պատճառով բաժանվել են։ Ռ.Տ.–ն փորձել է վերականգնել հարաբերությունները, բայց ապարդյուն։ Երբ իմացել է, որ աղջիկը սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան սպառնալ:
Հարաբերությունները վերջնականապես դադարեցնելու նպատակով Սերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել Ռ․Տ.-ի հետ և հունիսի 4-ին ժամանել է Երևան։
Ռ.Տ.–ն Թբիլիսիում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով Գոգավանի անցակետով Վրաստանից եկել է Հայաստան, հունիսի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել Սերգեևային։
Հանդիպումից հետո նրանք ճաշել են, գնացել հյուրատուն, հետո քննությամբ դեռևս չպարզված վայրում Ռ.Տ.–ն հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից աղջիկը մահացել է:
Հետքերը վերացնելու նպատակով ԱՄՆ քաղաքացին Սերգեևայի դին՝ առանց հագուստի, թաքցրել է Դիլիջանի անտառներում, իսկ իր և աղջկա հագի հագուստը նետել է երթուղու տարբեր հատվածներում։
Նույն օրը նա Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը, Վրաստանում հանձնել մեքենան, ապա օդանավով մեկնել Թուրքիա։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատարանը որոշել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիառել կալանքը։ Ռ․Տ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է: