ՔՊ քաղաքական ժողովը ավարտվել է ծեծկռտուքով. ԶԼՄ

ՔՊ ժողովը Դիլիջանում
Վիճել են Արմավիրի մարզպետն ու Վայքի համայնքապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը Դիլիջանում ավարտվել է ծեծկռտուքով։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների` վիճաբանությունը տեղի է ունեցել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի միջև։

«Երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել, զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելիս է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը հարձակվել են իրար վրա»,– գրում է կայքը։

Միջադեպից հետո միջոցառումը չի շարունակվել, ու բոլորը սկսել են լքել տարածքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովը։ Քննարկվել են կուսակցության գործունեության հայեցակարգային և գաղափարախոսական հարցեր։
Ժողովի ընդլայնված կազմում են եղել նաև կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ կուսակցական անդամներ։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի 1-ին նիստն անցկացվել էր 2022 թվականի դեկտեմբերին Ջերմուկում։