ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Տիգրան Պետրոսյանի 94-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարում դարձել է հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գրոսմայստերը հնարավոր 9–ից հավաքել է 8.5 միավոր։
Երկրորդ տեղը` 7.5 միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը, իսկ երրորդ տեղը` ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը։
Մրցաշարում լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան մասնակիցը եղել է Էրիկ Գասպարյանը, իսկ լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակիցը` Վալտեր Գյուրջինյանը։
Միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն էլ ցույց է տվել լավագույն արդյունքը կանանց մրցելույթներում։
Կայծակնային շախմատի մրցաշարում իրենց ուժերը չափել են նաև վետերանները։ Առաջին տեղ է զբաղեցրել Գարիկ Խաչատրյանը, իսկ երկրորդ տեղը` Հարություն Տեր-Պետրոսյանը։
Նշենք, որ կայծակնային շախմատի մրցաշարը տեղի է ունեցել հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում։