ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզպետարանի և Սիսիանի համայնքապետարանի հետ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրում է կարկուտի պատճառած վնասները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 15-ին շուրջ 40 րոպե կարկուտ և հորդառատ անձրևներ են տեղացել Սյունիքի մարզի Շամբ, Դարբաս, Լոր, Շենաթաղ, Որոտնավան և Գետաթաղ գյուղերում։
«Ինչպես Հայաստանի բոլոր մարզերը, այնպես էլ Սյունիքն ապահովագրված չէ ո՛չ կարկուտից, ո՛չ երաշտից։ Վստահ եմ` մենք էլի կբախվենք այդ խնդրին։ Այս անգամ Սիսիանում շատ ինտենսիվ էր կարկտահարությունը»,–ասաց մարզպետը` նշելով, որ որոշ տեղերում կարկտահարությունն աննախադեպ է եղել։
Ղուկասյանի խոսքով` հակակարտային կայանների արդյունավետությունը շատ ցածր է, դրա համար դրանք չեն կիրառվում Հայաստանում։
«Հայաստանում 2 տարի առաջ մեծ քննարկում եղավ կարկուտից պաշտպանվելու միջոցների դեմ և նշվեց, որ լավագույն պաշտպանությունը հակակարկտային ցանցերն են։ Հակակարկտային կայանների արդյունավետությունը շատ ցածր է և ոչ էֆեկտիվ, հակառակ պարագայում մենք ամբողջ երկրի տարածքում կունենայինք դրանցից»,–ասաց մարզպետը։
Նրա խոսքով` Հայաստանում շատ կարևոր գործընթաց է սկսվել, իհարկե ոչ բոլոր տեղերում, բայց մարդիկ սկսել են գյուղմթերքի ապահովագրման գործընթացը։
«Կարծում եմ` էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն այս հարցին լուծում կտան։ Իհարկե, դրա համար ժամանակ է պետք։ Լուծումը մեկն է` զարգանալ որպես երկիր և զարգացնել տնտեսությունը»,–ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են գրանցել նաև Լոռիում և Գեղարքունիքում։