ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստն անցկացվեց հունիսի 2-ին Մոսկվայում: Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:
«Առաջարկի նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն են առաջացնում»,– տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող: Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։