ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երրորդ հաղորդագրությունն է տարածում` հերքելով Ադրբեջանի տարածած լուրերը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը»,– ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն ավելի վաղ հերքել էր նաև Ադրբեջանի հաղորդագրություններն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները 10:45-ից և 14:30-14:55-ը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող: Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։