Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չարլզ Երրորդին, Մեծ Բրիտանիայի դեսպանը պատասխանել է նրան

Արարատ Միրզոյան
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը նշել է, որ պատրաստ են աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերատեսչության Twitter-յան էջում շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդին ծննդյան օրվա առթիվ:
Միրզոյանը բարգավաճում և շարունակական հաջողություններ է մաղթել Մեծ Բրիտանիայի ժողովրդին։
«Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, որը հիմնված է ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Միրզոյանը։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ-ին ջերմ ուղերձի համար։
«Լիովին համամիտ եմ ամուր համագործակցությանը մեր ընդհանուր նպատակներն ու արժեքները առաջ մղելու համար: Մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը»,- Twitter-ում գրել է Գալագերը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին ազգային տոնի` թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ: