Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը 1 ամսում 19 կեղծ հայտարարություն է տարածել. Մարուքյանը` նոր սադրանքների մասին

Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել է Ադրբեջանի նման պահվածքը պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 10-ից հետո Ադրբեջանի պահվածքն ու հայտարարությունները սրվել են, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Twitter–ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հունիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 19 հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել (ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. խմբ)։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ են և հետապնդում են մեկ նպատակ՝ տեղեկատվական հիմք պատրաստել ամենօրյա ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների համար»,– նշել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից` Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները զսպելու համար։
Նշենք, որ այսօրվա ընթացքում ՊՆ–ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, նման հաղորդագրություններ տարածելով, տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող: Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։