ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կառավարությունը 23 նոր կրթական հաստատություն կկառուցի` 9 կրթահամալիր և 14 դպրոց։ Այսօր կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվեց 224 մլն 100 հազար դրամ։
«Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսումնական հաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են՝ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը»,– ասաց Անդրեասյանը։
Այդ նախապայմաններից ելնելով` Վայոց Ձորի մարզում կրթահամալիրների համար ընտրվել է 4 բնակավայր` Արտաբույնք, Քարագլուխ, Արփի և Մարտիրոս գյուղերը, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր` Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն և Ոսկևան գյուղերը։
Դպրոցների նոր շենքերը կառուցվելու են Վայոց Ձորի մարզի Վայք և Արենի գյուղերում և Տավուշի մարզի 8 բնակավայրում` Այրում, Կոթի, Բագրատաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Նոյեմբերյան, Կողբ և Սևքար։
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում արդեն իսկ ընթանում են 40 կրթահամալիրների շինարարական ծրագրերը, որոնցից 3-ի շենքերն արդեն կառուցման փուլում են, մեկինն ավարտված է:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նման կրթահամալիրներ են նախատեսում կառուցել նաև Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։