«Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցիչների համար դասընթացներ կանցկացնի

Արխիվային լուսանկար
Դասընթացները կվարեն Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի առաջատար մասնագետները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանում ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ իրականացնում է կրթական նախագիծ Հայաստանի սահմանամերձ շրջանների ուսուցիչների և դասախոսների համար։ Տեղեկությունը հայտնում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 26-ից 29-ը Կապանում կանցկացվեն որակավորման բարձրացման անվճար դասընթացներ Սյունիքի և Տավուշի մարզերի ռուսաց լեզվի և ռուսերենով դասավանդվող առարկաների ուսուցիչների համար», - ասված է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հաղորդագրությունում:
Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով հայ ուսուցիչների և դասախոսների կարիքները։ Չորս օրվա ընթացքում ուսուցիչները կանցնեն ինտենսիվ առերես ուսուցում։ Կկիրառվեն ռուսաց լեզվի, գրականության և հանրակրթական առարկաների դասավանդման նորագույն տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները ռուսերենով:
Բացի այդ, տեղի կունենան ռուսական հրատարակչությունների կողմից ռուսաց լեզվի վերաբերյալ ժամանակակից դասագրքերի և ուսումնամեթոդական նյութերի շնորհանդեսներ:
Դասընթացի ավարտին ամփոփիչ ատեստավորումն անցած մասնակիցները կստանան որակավորման բարձրացման վերաբերյալ վկայականներ։