ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանը տեղափոխել է միջուկային լիցքերի առաջին մասը Բելառուս, սակայն մինչև տարեվերջ մարտավարական միջուկային զենքն ամբողջությամբ տեղափոխելու խնդիրը կկատարի: ՏեղեկությունըՍանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչպես գիտեք, մենք բանակցություններ ենք վարել մեր միութենական պետության, նախագահ Լուկաշենկոյի հետ այն մասին, որ մենք այդ մարտավարական միջուկային զենքի մի մասը կտեղափոխենք Բելառուսի տարածք։ Դա տեղի ունեցավ: Առաջին միջուկային լիցքերը հասցվել են Բելառուսի տարածք։ Բայց միայն առաջինները: Սա առաջին մասն է: Բայց մինչև ամառվա վերջ, մինչև տարեվերջ մենք այդ աշխատանքը ամբողջությամբ կկատարենք», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ որոշումը զսպման տարր է «բոլոր նրանց, ովքեր մտածում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մասին»:
Խոսելով միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին՝ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ կարիք չկա վախեցնել ամբողջ աշխարհին, ծայրահեղ միջոցների օգտագործման մասին կարելի է խոսել միայն երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում:
Լիագումար նիստի մոդերատոր, ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Սայմսը Պուտինին հարց է ուղղել, թե ճիշտ է արդյոք այն մեկնաբանությունը, որ զսպումն արդյունավետ լինելու համար հակառակորդը պետք է առնվազն մտածի, որ եթե զսպումը չաշխատի, ՌԴ-ն կանի այն, ինչ կպահանջեն հանգամանքները:
«Դե, ինչու պետք է վախեցնենք ամբողջ աշխարհին։ Ես արդեն ասել եմ, որ ծայրահեղ միջոցների օգտագործումը հնարավոր է այն դեպքում, եթե ռուսական պետականությանը սպառնալիք ստեղծվի։ Եվ ահա այս դեպքում, իհարկե, մենք կօգտագործենք ռուսական պետության տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու միջոցները։ Այստեղ կասկած չկա», - ասել է ՌԴ ղեկավարը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 14-17-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Մոսկվայի և Մինսկի միջև պայմանավորվածության մասին, որի համաձայն Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայվի, ընդ որում, դա ոչ մի միջազգային պարտավորություն չի խախտի։