ԵՐԵՎԱՆ,16 հունիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
30 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով ՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: