ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կմիավորվի «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը» 2020 թվականի հունիսից ի վեր տարեկան 151 266 718 դրամ եկամուտ է ստացել, իսկ ծախսը կազմել է 116 650 949 դրամ։
Ընկերությունն ունի 4 բյուջետային վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ դրամ, և վարկերի մարումները սկսվում են 2023թ-ին։ Սակայն 2023 թվականին ընկերության կանխատեսվող ֆինանսական հոսքերի առկայությամբ վերջինս չի կարողանա պատշաճ ձևով իրականացնել ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը։
Գործադիրը կարծում է, որ ընկերության միավորումը առողջապահության նախարարությանը պատկանող ուռուցքաբանության ազգային կենտրոնին, թույլ կտա խուսափել ֆինանսական խնդիրներից ու ավելի արդյունավետ կազմակերպել 2 բուժհաստատությունների աշխատանքները։