«Պետք է մեր ձայնը բարձրացնենք». փաստաբաններն ակցիա են անում Երևանում

Բողոքի ակցիա
Փաստաբանները սկզբում հավաքվել էին Փաստաբանների պալատի մոտ, ինչից հետո երթով շարժվեցին ԵՄ գրասենյակի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանյան փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում ի աջակցություն իրենց գործընկերների, որոնք մասնագիտական գործունեություն իրականացնելիս բռնության են ենթարկվել։ Փաստաբաններն իրենց ակցիան սկսեցին Փաստաբանների պալատի մոտից, այնուհետև շարժվեցին դեպի Եվրոպական միության գրասենյակ։
Բողոքի ակցիա իրականացնող փաստաբաններն ակցիայի են դուրս եկել պաստառներով, որոնց վրա հայերեն և անգլերեն գրված է. «ԵՄ–ի փողերը ծախսվում են փաստաբանների դեմ բռնությամբ նպատակով»։
Հունիսի 7-ին ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Բողոքի ակցիա
«Իմ մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, բացառությամբ մեղադրանք ներկայացնելը և խափանման միջոց ընտրելու վարույթը։ Ես մամուլից եմ տեղեկացել, որ իմ հաղորդման վերաբերյալ քրեական վարույթ է հարուցված, առ այսօր դատավարական որևէ փաստաթուղթ չեմ ստացել։ Անգամ հայտնի չէ այդ վարույթի համարը կամ ինձ տրված դատավարական կարգավիճակը և այլ մանրամասներ, որոնց միջոցով կարող եմ իմ իրավունքները պաշտպանել։ Ներկա պահին ես մեղադրյալ եմ»,– ասաց Ալավերդյանը։
Նա անդրադարձավ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ փաստաբանը տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով` կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել իր պաշտպանյալին ազատել ու տանել բաժնից։
Ըստ Ալավերդյանի` անգամ խաշած հավը կծիծաղեր այդ հաղորդագրությունը կարդալիս, քանի որ իր համար չափազանց անհասկանալի դրվագներ կան գրված։
Փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Հայկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն գործողություններին, թե ինչ է պետք անել, եթե այդ երևույթը համարժեք պատասխան չստանա։
«Մեր պայքարը հենց երևույթի դեմ է, ոչ թե կոնկրետ դեպքերի մասով։ Մեր պրակտիկայում արդեն արատավոր է դարձել։ Փաստաբանական համայնքը բռնության հետ կապված իր բողոքի ձայնը բարձրացնի, որպեսզի դրանք պրակտիկայում այլևս չկրկնվեն։ Վերջին 4 ամսվա ընթացքում 2 դեպք է գրանցվել (փաստաբանին ծեծի ենթարկելու. խմբ.)։ Նման դեպքերը կարող են կարող են կրկնվել, եթե մենք չբարձրաձայնենք այս մասին»,– նշեց Հարությունյանը։
Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ շեշտեց, որ փաստաբանի աշխատանքը միշտ է եղել վտանգավոր, սակայն չի հիշում, որ նախկինում ծեծի դեպքեր եղած լինեն։ Ընդգծեց` կոնֆլիկտներ ոստիկանների, քննիչների կամ այլ իրավապահ այլ մարմինների հետ եղել են։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ հունիսի 20-ին, ժամը 11։00-ին լինելու են ոստիկանության շենքի մոտ և համապատասխան ակցիա են իրականացնելու։ Մանրամասները պատրաստվում են տեղում հայտնել։
Բողոքի ակցիա
Հիշեցնենք, որ սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։