Նիկոլ Փաշինյանը Երասխի դեպքերը քննարկել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ

Հնդկաստանի դեսպանն ու Նիկոլ Փաշինյանը
Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ՀՀ վարչապետն էլ շուտափույթ ապաքինում է մաղթել ադրբեջանական կրակոցներից վիրավորված հնդիկներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երասխում ադրբեջանական կրակոցների հետևանքով հնդիկների վիրավորվելու դեպքը քննարկել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հունիսի 14-ին տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ կառավարությանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար: ՀՀ վարչապետն էլ իր հերթին շուտափույթ ապաքինում է մաղթել նրանց:

Զրուցակիցները քննարկել են նաև բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:
Փաշինյանը հույս է հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: