«Միայն ողջունում ենք». Սյունիքի մարզպետը` Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին

Ռոբերտ Ղուկասյան
Սյունեցիները երկու ձեռքով ողջունում են բոլոր այն պետություններին, որոնք անկեղծությամբ են գալիս մարզ` ցանկանալով նպաստել Սյունիքի զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հյուպատոսարանի բացումը շատ կարևոր քայլ է, այդ թվում` անվտանգային իմաստով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` մեկնաբանելով մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման որոշումը։
«Հյուպատոսարանը կոնկրետ այդ պետության առկայությունն է ֆիքսում մարզում»,– ասաց մարզպետը։
Անդրադառնալով այն հարցին, որ Սյունիքը վերջին շրջանում կարծես թե տարբեր պետությունների ուշադրության կենտրոնում է, բացվում են տարբեր կառույցներ, նաև Իրանն է հյուպատոսարան բացել` Ղուկասյանը նշեց` օրակարգ չի փոխվել։
«Այսօր Սյունիքն աշխարհաքաղաքական, ռազմավարական, բոլոր իմաստներով շատ կարևոր է։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այստեղ տարբեր գերտերություններ և պետություններ` կլինեն հարևան, թե ոչ, ունեն իրենց շահերը։ Դա կարող է լինել տրանսպորտային, տնտեսական, սոցիալական, ռազմավարական իմաստով։ Կարծում եմ` միշտ է այդպես եղել. Սյունիքը եղել է գրավիչ»,– մեզ հետ զրույցում նշեց Սյունիքի ղեկավարը։
Վերջին 2-3 տարիների ընթացքում մարզն առավել ևս հետաքրքրությունների կիզակետում է։ Մարզպետը շեշտեց` բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հյուպատոսարանները հենց այնպես չեն բացվում։ Թե այս «մրցավազքն» ինչքանով է լավ, մարզպետը դժվարացավ ասել, քանի որ իրավիճակը չափազանց այնքան անկայուն է։ Վստահ է` պետք է ամեն ինչ արվի, որ կենտրոնում մեր պետական շահը լինի։
«Բոլոր դեպքերում պետք է հաջողենք, ինչ էլ բացվի, պարտավոր է ծառայել Սյունիքի շահերին, ՀՀ շահերին ու այդ երկրի հետ հարաբերությունների բարելավմանը»,– հավելեց մարզպետը։
Նրա խոսքով` եթե տարբեր երկրներ հյուպատոսարանների միջոցով Սյունիքի զարգացմանը նպաստել են ցանկանում, ապա կանեն առավելագույնը, որ նրանք հաջողեն։
«Ամեն ինչի կենտրոնում անկեղծությունն է։ Բոլոր նրանք, ովքեր անկեղծությամբ կգան Սյունիք, իրենք կհաջողեն։ Եթե ինչ–որ պետություն ուզում է օգնել մեր խնդիրները լուծել, դա կլինի սոցիալական, տնտեսական, մշակութային, բնականաբար, նաև անվտանգային, բայց սա արդեն մեր մակարդակի խոսակցություն չէ, ավելի բարձր մակարդակներում է քննարկվում... Բայց եթե մի պետություն ուզում է անկեղծ կանգնել մեր կողքին, օգնել, որ մեր կյանքն ավելի լավը դարձնենք, արագ ոտքի կանգնենք, երկու ձեռքով կողջունենք»,– նշեց Ղուկասյանը։
Օրինակ` Իրանի հյուպատոսարանի դեպքում աշխատանքի արդյունավետությունն արդեն տեսանելի է։ Մարզպետի խոսքով` համագործակցում, աշխատանքային հանդիպումներ են ունենում տարբեր ոլորտներում։
Մարզպետը հույս հայտնեց, որ առաջիկայում իրենց մարզում հյուպատոսարանների թիվը կավելանա։
Հիշեցնենք` մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հունիսի 15-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։