Նույնիսկ այնտեղ, որտեղ հակակարկտային կայաններ կան, ժամանակին չեն գործել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Բարվա» ինովացիոն կենտրոնի տնօրեն Արման Վարդանյանը` անդրադառնալով երեկվա ուժեղ կարկուտին ու անձրևին։
Հունիսի 15–ին ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են գրանցվել Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ 40 րոպե տևած կարկուտն ու հորդառատ անձրևը զգալի վնաս են հասցրել հողագործների բերքին։
Վարդանյանի խոսքով` Սյունիքի մարզում, Ճամբարակում հակակարտային ոչ մի կայան չկա։ Գեղարքունիքի մարզում կա ընդամենը 8 կայան, սակայն այստեղ կարկուտ չի եղել։
«Կարկուտից լրիվ անպաշտպան համայնքներից է նաև Սպիտակ խոշորացված համայնքը, որն ունի 21 բնակավայր, բայց դրանցից ընդամենը երեքում կա հակակարկտային կայան»,– նշեց նա։
Վարդանյանի խոսքով` տարիներ շարունակ խոսվում է կայանների տեղադրման մասին, բայց առայժմ ինչ–ինչ պատճառներով այդ ծրագիրը չի իրագործվում։ Այդ նպատակով նրա ղեկավարած ընկերությունը տարբեր առաջարկներով պարբերաբար դիմում է համայնքներին, սակայն պաշտոնապես ստանում է պատասխան, որ իրենց մոտ կարկուտ չի տեղում, այդ պատճառով հետաքրքրված չեն։ Պետությունն իր հերթին հրաժարվել է համայնքներին սուբսիդավորել հակակարկտային կայաններ ձեռք բերելու համար։
«Կար կարծրատիպ, թե Սյունիքն ամենաանվտանգ մարզն է կարկուտի տեսանկյունից, սակայն վերջին տարիներին այստեղ ինտենսիվ ու ուժեղ կարկտահարության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Այժմ այն շատ կարկտավտանգ մարզ է, և պետք է որոշակի քայլեր ձեռնարկել»,– ընդգծեց Վարդանյանը։
Մեկ հակակարկտային կայանի արժեքը 2.5 մլն դրամ է` ներառյալ տեղադրումը, ԱԱՀ–ն, լիցքավորումը։ Այն կարող է պաշտպանել 80-90 հա տարածք։ Ինովացիոն ընկերության ղեկավարի տվյալներով` որոշ համայնքներ արդեն իսկ փորձում են սեփական միջոցներով ձեռք բերել կայաններ` չսպասելով պետության աջակցությանը։
Ինչ վերաբերում է հակակարկտային ցանցերին, ապա դա, ըստ նրա, տարիներ շարունակ չարչրկված թեմա է, և այն չի կարող այլընտրանք համարվել։ Ըստ նրա` հակակարկտային ցանցերի թեման անգամ շահարկումների առիթ է հանդիսացել, մինչդեռ աշխարհում հայտնի է, որ այդ մեթոդը սահմանափակ կիրառություն ունի։
«Հակակարկտային ցանցերը կիրառելի են, օրինակ, խաղողի այգիների վրա, թանկարժեք մշակաբույսի վրա, գաճաճ ծառատեսակների հետ կապված, որոնք բավականին քիչ են դեռ հանրապետությունում։ Դրանք առհասարակ չեն կիրառվում հացահատիկի, կարտոֆիլի վրա, մեր ավանդական բարձր այգիների վրա»,– վստահեցրեց Վարդանյանը։
Օրինակ` եթե հակակարկտային ցանցեր կիրառվեն ցորենի արտերում, ըստ նրա, ոչ մի տեխնիկա` կոմբայն, տրակտոր, չի կարող այնտեղ աշխատել։