«Գնունեցի Վարազիկին» սպանել են վրեժ լուծելու նպատակով. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

Սպանություն Երևանում
25-ամյա երիտասարդը սպասել է գեղեցկության սրահի մոտ, և երբ Վարազդատ Գասպարյանը դուրս է եկել այնտեղից, կրակել է նրա դեմքի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 35-ամյա Վարազդատ Գասպարյանի` քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանության մեջ կասկածվող 25–ամյա երիտասարդը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 6-ին` ժամը 22.07-ին, Բաղրամյան պողոտայի 49/2 հասցեում հայտնաբերել է 35-ամյա Վարազդատ Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Ըստ քննության ձեռք բերած տվյալների՝ երիտասարդը սպանությունը կատարել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վարազդատ Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտային հատվող Ջեյմ Բրայսի փողոցում տեղակայված գեղեցկության սրահի մոտ և սպասել նրան։
«Ժամը 22:00-ի սահմաններում, երբ Վարազդատ Գասպարյանը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից, 25-ամյա երիտասարդն անսպասելի մոտեցել է նրան և ապօրինի կերպով ձեռք բերված 7,62մմ (7,62x25) տրամաչափի ակոսափող ատրճանակից կրակոց է արձակել նրա դեմքի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում։
Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է փախուստի: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է հունիսի 13-ին։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն և հայտնաբերվել ու առգրավվել է հրազենի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել սպանության և ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու հոդվածներով։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` Վարազդատ Գասպարյանը որպես մեղադրյալ ներգրավված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:
Հիշեցնենք` 2021 թվականի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում` ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայից:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:
Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։