Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է արտաքին առևտրում ազգային արժույթների օգտագործման նկատելի առաջընթացը:
«Այսօր Եվրասիական տնտեսական միության երկրների հետ հաշվարկների մոտ 90 տոկոսը մեզ մոտ ռուբլով է արվում։ Չինաստանի հետ հաշվարկների ավելի քան 80 տոկոսը ռուբլով և յուանով է», –ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։
ՌԴ նախագահը նշել է, որ «այլանդակ նեոգաղութատիրական միջազգային համակարգն» այլևս գոյություն չունի. աշխարհում փոփոխություններն անդառնալի, խորքային են:
«Այս պայմաններում անհրաժեշտ է միայն առաջ շարժվել, իսկ դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է ակտիվ տնտեսական քաղաքականություն, որը կարող է կառուցվել և իրականացվել գործարար համայնքի ներկայացուցիչների, մեր գործարարների հետ սերտ կապի միջոցով։ Ըստ էության, խոսքը զարգացման որակապես նոր մակարդակի անցնելու մասին է, ինքնիշխան տնտեսության մասին, որը ոչ միայն արձագանքում է շուկայական իրադրությանը և հաշվի է առնում պահանջարկը, այլև ինքն է ձևավորում այն», - ասել է ՌԴ առաջնորդը։
Նախագահը նշել է, որ տարբեր շուկաներում Ռուսաստանն ունի ոչ միայն գործընկերներ և բարեկամներ, այլև չարակամներ, որոնք չեն ցանկանում, որ աշխարհի մյուս երկրներն այլընտրանք ունենան իրենց ինքնաթիռներին, նավերին, դեղամիջոցներին, բանկային համակարգերին, տեխնոլոգիաներին և այլ ապրանքներին ու ծառայություններին: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ռուսաստանը ներգրավված է եղել և շարունակելու է լինել համաշխարհային տնտեսության մեջ:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 14-17-ը։