ԱՄՆ-ի դիրքորոշումը 1991-ից հետո երբեք պրոարցախյան չի եղել․ Հրանտ Միքայելյան

Հրանտ Միքայելյան. Արխիվային լուսանկար
Փորձագետի կարծիքով` ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Հայաստանի վրա ԼՂ հարցում առարկայական զիջումների հասնելու համար։ Իսկ նպատակը ՌԴ–ին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելն է։
Sputnik
1991 թվականից հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը երբեք պրոարցախյան չի եղել, հետևաբար զարմանալի չէ այն տեղեկատվությունը, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին պարտադրում է բանակցել Ադրբեջանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալության դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերջնագրային ձևով պարտադրում է Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ: Նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել։
Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն ճնշման մեթոդների է դիմում, քանի որ ԼՂՀ ներկայացուցիչները հրաժարվում են հանդիպումներ ունենալ արևմտյան հարթակներում։
«Այստեղ հարցը բանակցությունները չեն, այլ բանակցությունների արդյունքներն են։ Եվ եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա այստեղ բանակցությունների արդյունքն է պարտադրվում։ Հետևաբար` ստացվում է, որ Ամերիկան այս առումով Ադրբեջանին աջակցում է»,–կարծում է նա։
Միքայելյանի խոսքով` այն, որ ԱՄՆ–ն աջակցում է Ադրբեջանին, բազմաթիվ դրվագներով է ցույց տվել, օրինակ՝ և՛ Իրանի դեմ, և՛ զենքի մատակարարմամբ, և՛ աչք փակելով մարդու իրավունքների խախտումների վրա և այլն։ Ինչպես նաև թույլ է տվել, որ Բաքուն շարունակի իր քաղաքականությունը։ Հետևաբար` հազիվ թե Ամերիկան փորձի այդ կերպ ինչ-որ հարց լուծել։
«Հակառակը` Ամերիկան ուղղակի ձեռքերն է լվանում ինչ–որ բան լուծելուց... Ես շատ լուրջ չէի վերաբերվի այս հանգամանքին, որովհետև այն, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, արդեն բոլորը գիտեն, այն, որ Ամերիկան այս առումով ոչ մի բան չի անելու, այդ էլ բոլորը գիտեն»,–ասաց նա։
Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրներն է Գարեգին 2-րդը ներկայացրել ԱՄՆ նոր դեսպանին
Փորձագետի կարծիքով` ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Հայաստանի վրա ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում առարկայական զիջումների հասնելու համար։ Նա նկատում է, որ ԱՄՆ-ի գործողությունները պայմանավորված են Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ։
Խոսելով բանակցություններից Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հրաժարվելու պատճառների մասին՝ փորձագետը նշել է, որ նախ պետք է հասկանալ առաջարկվող բանակցությունների օրակարգը։
«Ես ենթադրում եմ, որ գլխավոր հարց է դրվում ԼՂ–ում, այսպես կոչված, միջազգային ներկայության, այսինք՝ արևմտյան ներկայություն ռուս խաղաղապահ զորախմբի փոխարեն։ Սակայն արցախցիները տեսնում են իրենց անվտանգությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներքո, թեև այս առումով էլ խնդիրներ կան»,–ասում է նա։
Միքայելյանը նաև մատնանշեց այն հանգամանքը, որ, թերևս բացի Արևելյան Թիմորից, աշխարհում չկա խաղաղապահ առաքելության կամ այլ անվտանգային միջազգային ներկայության հաջող օրինակ, եթե կողմերից մեկը ունի հստակ ուժային նկրտումներ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների ՝ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդության համարժեքության վերաբերյալ: