3 ոսկի` մեկ օրում. հայ ըմբիշների արդյունքները Ս.Սարգսյանի անվան գավաթի խաղարկությունում

Արսեն Հարությունյան
Հայաստանի հավաքականը երկրորդ մրցույթային օրվա արդյունքում նվաճել է նաև 1 ական արծաթ ու բրոնզ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկության երկրորդ մրցույթային օրը Հայաստանի հավաքականի ըմբիշները նվաճեցին 3 ոսկե մեդալ։
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների եզրափակչում ժամանակից շուտ 11:1 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիին և հռչակվեց չեմպիոն։
65 կգ քաշային Վազգեն Թևանյանը նույնպես հռչակվեց չեմպիոն։ Նա 48 վայրկյանում 13:1 հաշվով հաղթեց բուլղարացի Միկյայ Նաիմինին։
70 կգ քաշային կարգում դրամատիկ ստացվեց Արման Անդրեասյանը –Մուրադ Ջակուբով (Ղազախստան) մենամարտը։ Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ հաղթում էր ղազախ ըմբիշը` 3։2 հաշվով, բայց հայ ըմբիշին հաջողվեց անցում կատարել դեպի մրցակցի թիկունք, և արդյունքում նա հաղթանակ տարավ 5։ 3 հաշվով։
Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկներից պարտություն կրեց միայն 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Համառ գոտեմարտը ընթացավ մինչև վերջին վայրկյանը, մոլդովացի Վասիլ Դիակոն հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի մարզիչները սակայն բողոքարկեցին գոտեմարտը, բայց բողոքարկումը չանցավ, և մոլդովացին հաղթեց 4։2 հաշվով։
Արման Անդրեասյան
Հայաստանի մյուս ներկայացուցիչ ազատ ոճի ըմբիշ Մեժլում Մեժլումյանը 61 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ Ստեփան Սարգսյանի գավաթի մրցաշարը մեկնարկել է հունիսի 15-ին: Մրցաշարին մասնակցում էին ըմբիշներ Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից, Կանադայից, Ուկրաինայից, Բահրեյնից, Տաջիկստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից։ Այն ընդգրկված է ըմբշամարտի համաշխարային ցանկի մեջ։