Սյունիքում առատ տեղումներից գետը բետոնե կամուրջ, մեքենա է քշել-տարել

Անձրև. Արխիվային լուսանկար
Սյունիքի մարզի մի քանի գյուղեր հորդառատ անձրևի և կարկուտի պատճառով վնասներ են կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Շամբ, Դարբաս, Լոր, Շենաթաղ, Որոտնավան և Գետաթաղ գյուղերում այսօր շուրջ 40 րոպե տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև՝ պատճառելով վնասներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարարական ծառայությունից։
Մասնավորապես տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դարբաս գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմ, ինչի հետևանքով անկել են 16 գառ և 50 հավ, վնասվել են մշակաբույսեր:
Իսկ Լոր գյուղում առատ տեղումներից գետը քշել-տարել է բետոնե կամուրջը (7 x 5 մ) և «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենա։
«Գետի մյուս կողմում մնացել են հովիվներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ։ Հովիվներին հաջողվել է տեղափոխվել. կենդանիները նույնպես տեղափոխվել են անվտանգ տարածք»,-նշվում է հաղորդագրությունում:
Գետաթաղ գյուղում առաջացել են ջրի կուտակումներ, որը վտանգ է ներկայացնում գյուղի տներին և կենդանիներին: Սյունիքի մարզպետարանից հատուկ տեխնիկա է ուղարկվել գյուղ՝ ջրաբերուկներից հունը մաքրելու համար: