Հայտնի են ՔՊ-ականների քաղաքական ժողովի օրն ու օրակարգը. ԶԼՄ

ՔՊ վարչության նիստ. Արխիվային լուսանկար
ՔՊ-ականները գրեթե կասկած չունեն, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է, բայց և ցանկանում են գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 16-ին ու 17-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ պարբերականի՝ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում լինելու են ավագանու ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը:
«Բանն այն է, որ ՔՊ-ականները գրեթե կասկած չունեն, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է, բայց, մյուս կողմից, իշխանականներն իրենց առջև նպատակ են դրել գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել Ավինյանի համար, որպեսզի, նախ, միջազգային հանրությունը հերթական զեկույցը չգրի իրենց ոչ ժողովրդավար լինելու մասով, ապա ընդդիմությանը խոսելու առիթ չտան, թե ոչ հավասար պայմաններում են անցել ընտրությունները»,-հայտնում է «Ժողովուրդը»:
Նշվում է նաև, որ ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են անվտանգային, կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցեր: Իսկ ժողովի հրավիրյալների ցանկը դեռ վերջնական հստակեցված չէ։