ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժեր են նշանակվել, մեկ այլ դեպքում էլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, քանի որ եղել է ոչ սթափ և այդ վիճակում վարել է մեքենա, ինչի արդյունքում բախվել է մեկ այլ մեքենայի։
«ՃՏՊ–ի հետևանքով այդ մեքենայի 2 ուղևոր մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 9-ին` ժամը 02։05-ի սահմաններում... Կոտայքի մարզի դատախազության դատախազը պաշտոնից ազատվել է Վարդապետյանի` հունիսի 12-ի հրամանով»,– ասված է հաղորդագրությունում։
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տվյալներ են ձեռք բերվել, որ վերոնշյալ անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:
Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով էլ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Պարզվել է, որ այդ անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում: