ԿԲ–ն չի համարում, որ գնաճի դեմ պայքարը ավարտված է

Մարտին Գալստյանը. Արխիվային լուսանկար
Մարտին Գալստյանի խոսքով` 2022 թ. հիփոթեքային տոկոսադրույքի աճն ավելի մեղմ է եղել, քան նույնիսկ ԿԲ վերաֆինասավորման տոկոսադրույքի աճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը դեռ չի համարում, որ գնաճի դեմ պայքարը ավարտված է, դրա համար ավելի զուսպ են իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0.25 տոկոսային կետով։ ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Խորհրդարանում այսօր շարունակվում է 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները։
«Այդ պատճառով նաև մենք տոկոսադրույքն իջեցրել ենք 0.25 տոկոսային կետով, քանի որ կարծում ենք, որ գնաճի որոշակիորեն մեղմում կա։ Ներմուծվող ապրանքների առումով ունենք կտրուկ գնանկում, սակայն մյուս կողմից կան ծառայություններ, որոնց գները չեն նահանջում։ Հենց դա էլ մեզ մտահոգում է»,– նշեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` գնաճը հիմնականում պայմանավորված է եղել պահանջարկով. անցած տարի ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, և արդյունքում մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների ոլորտն ունի 8.7 տոկոս աճ։ ԿԲ նախագահի կարծիքով` այս տարի ևս ծառայությունների ու շինարարության ոլորտները շարունակելու են աճել։
Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերին, ապա, ըստ նրա, այս շուկայում անցած տարի եղել է տոկոսադրույքի աճ։
«Վերջին երկու տարում ԿԲ–ն վարել է զսպող դրամավարկային քաղաքականություն։ Բնականաբար, ԿԲ կողմից տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է նաև շուկայում այլ տիպի տոկսադրույքների բարձրացմանը, այդ թվում` հիփոթեքային վարկերի։ Ի դեպ, հիփոթեքային տոկոսադրույքի աճն ավելի մեղմ է եղել, քան նույնիսկ ԿԲ վերաֆինասավորման տոկոսադրույքի աճը»,– հայտարարեց Մարտին Գալստյանը։
ՏՏ ոլորտի կշիռը Հայաստանի ՀՆԱ–ի մեջ քառապատկվել է. Մարտին Գալստյան
Անդրադառնալով անշարժ գույքի շուկային` նա նշեց, որ տարիներ շարունակ կա գների ավելի աճ, քան պետք է լիներ։
Նրա խոսքով` ՀՀ ԿԲ–ն աշխարհում առաջիններից մեկն էր, որ 2020 թ. վերջին, կանխատեսելով գնաճային ալիքը, ի տարբերություն մյուս ԿԲ–ների, բարձրացրեց տոկոսադրույքը։
Հիշցենենք՝ ՀՀ ԿԲ–ն հունիսի 13–ի նիստում նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: