ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բանակում կանանց կամավոր ծառայության կարգի մասին նախագիծը: «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումներն ընդունվեցին62 կողմ («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից) և 26 ձեռնպահ («Հայաստան» խմբակցությունից, որը մի շարք վերապահումներ է հայտնել օրինագծի վերաբերյալ) ձայներով:
Քվեարկությունից առաջ ներկայացնելով օրինագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ զինվորական ծառայություն անցնելու դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան կանայք: Ծառայության ժամկետը կկազմի 6 ամիս, ծառայության մեկնարկից առաջ ցանկացած պահի (բայց ոչ մեկնարկից հետո) հնարավոր կլինի հրաժարվել դրանից: Ծառայությունն անցկացվելու է առանձին զորամասում։
Ծառայության կես տարին լրանալուց հետո զինծառայողները կստանան 1 մլն - ական դրամ պարգևատրում:
Առողջական վիճակի պատճառով ծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում զինծառայողը կստանա այդ վճարի մի մասը՝ ծառայության ամիսների համամասնությամբ:
Ծառայությունը շարունակել ցանկացողները կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և ծառայության անցնել 5 տարի ժամկետով, որի ավարտից հետո կստանան 5 մլն դրամ:
Նշենք, որ նոր կարգը նախատեսվում է գործարկել 2023թ–ի ձմեռային զորակոչի ընթացքում։