Ի՞նչ կարիք կա Արմեն Աշոտյանին ձերբակալելու, դա երկրին ի՞նչ է տալու. Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Նա նշեց, թե այս ձերբակալությունով մթնոլորտը երկրում նորից սրվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը:
«Չեմ հասկանում` Արմեն Աշոտյանին ի՞նչ կարիք կար ձերբակալելու, իրոք, դա երկրին ի՞նչ է տալու, բացի վնասից»,- հայտարարեց Նազարյանը։
Ըստ նրա` այս իշխանությունն էլ է անցնելու, հաջորդն էլ, բայց երկիրը մնալու է, դրա համար պետք է այնպես անել, որ պատմության դասագրքերում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին գոնե մի երկու լավ տող գրվի:
«Իրոք, անդուր մթնոլորտ է այս ատելության մթնոլորտը։ Հարգելի իշխանություն, մի նեղվեք, որ ընդդիմությունը սուր է խոսում»,- ասաց նա։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց նրան` ասելով, որ չեն նեղվում ընդդիմության սուր խոսքից, այլ նեղվում են, երբ ընդդիմության որոշ պատգամավորներ տեռորի կոչ են անում։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հիմքը եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելը։