Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Այն, ինչի մասին արդեն մեկ տարուց ավելի է գրում էին ադեկվատ վերլուծաբանները, ինչը անդադար և ջղաձիգ ծաղրում էին բոլոր ռուսատյացները, տեղի ունեցավ։ Ամերիկյան Bloomberg–ը մի շարք հրապարակումներ ներկայացրեց, որոնք հաստատում են այն հաշվարկների իսկությունը, որոնք մերժում էր Եվրոպայի քաղաքական իսթեբլիշմենթը։ Պարբերականը հատվածներ է մեջբերում Գերմանիայի փոխկանցլերի, համատեղությամբ էկոնոմիկայի նախարարի խոսքից։
Բադ Զարով գերմանական համայնքում տնտեսական համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս` Ռոբերտ Հաբեկը, բնավ չքաշվելով և խոսքեր չընտրելով, ասում է, որ գերմանական արդյունաբերությունը իր ողջ բազմազանությամբ արդեն այս ձմռան շեմին կարող է ծանր, պատմական ճգնաժամի մեջ հայտնվել կամ ընդհանրապես դադարել գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը չի հավատում մեր մեկնաբանությանը, կարող է անցնել հղումով և ամեն ինչ իր աչքով տեսնել։
Ցանկացած ուշադիր «տանտեր», նույնիսկ ռուսական ժողովրդական ասացվածքը չիմանալով, կենսական կարևոր նշանակություն ունեցող սահնակներն ամռանն է նախապատրաստում, իսկ գերմանացիները միշտ էլ հայտնի են եղել իրենց պարտաճանաչությամբ և կազմակերպվածությամբ։
Պետության տնտեսության վերաբերյալ առավելագույն տեղեկություն ունեցող Ռոբերտ Հաբեկը պնդում է, որ փլուզման պատճառը ռուսական բնական գազն է, այն գազը, որից այդքան ցուցադրաբար և հանդիսավոր հրաժարվում էր Եվրամիությունը` հույս ունենալով, որ կփլուզվի տնտեսությունը, բայց ռուսական։ Օլաֆ Շոլցի թիմը` ի դեմս փոխկանցլերի, հանկարծ արթնանալով ծանր ֆինանսաէներգետիկ խումարի մեջ, ահազանգում է և ռուսական նարատիվներ մշակում. փոխարինել արևելյան ներմուծումն այդպես էլ չի հաջողվել, սեփական պահեստարանների ծավալներն էլ կտրականապես չեն բավականացնում։ Բացի այդ ոչ ոք չգիտի, որքան կարժենան էներգակիրները սեպտեմբերի վերջին, երբ ավանդաբար Եվրոպայում մեկնարկում է ջեռուցման սեզոնը։
Բայց սա էլ դեռ նախաբանն է, հեքիաթն առջևում է։
Երկրորդ բացասական գործոնը կասկածելի եվրոպական միասնությունն է, որով լցրել են բոլոր միամիտների և դյուրահավատների գլուխները։ ԵՄ ամեն երկրի համար բնական գազի մատակարարումների հաստատված նորմեր գոյություն ունեն` ելնելով տնտեսությունների չափերից և ընդհանուր սպառման ծավալներից։ Եվ ահա Հաբեկն ուղիղ ասում է, որ արդեն իսկ ստեղծված էներգակիրների ներքին պակասուրդի պարագայում Բեռլինը պարտավոր է ապահովել գազի արտահանում դեպի արևելյան այլ երկրներ (կարդա` Լեհաստան)։ Այլ կերպ ասած, խլել, գուցե, կենսատու վերջին փրկարար կաթիլները, սեփական արդյունաբերությունը դատապարտելով ծարավ մահվան, բայց փրկել Լեհաստանի կիսամեռ տնտեսությունը, որն ի դեպ, ԵՄ-ի կազմում իր գոյության ողջ ընթացքում ամենաշատ ֆինանսական դոտացիաներն է ստացել, այսինքն` առանց այն էլ ապրել է ֆինանսապես հարուստ Գերմանիայի հաշվին։
Մինչ դահլիճի հանրությունը մարսում էր լսածը, Ռոբերտ Հաբեկը երրորդ` արդեն նոկաուտային հարվածը հասցրեց։
Ոլորտի` առանց բացառության բոլոր մասնագետների գնահատականներով` Ռուսաստանը սկզբունքորեն պատրաստ է երկարաձգել և ընդլայնել գազի արտահանման գործող պայմանագրերը, սակայն «Հյուսիսային հոսքերում» երեք գծերի պայթեցումից հետո գազի փոխանցման ֆիզիկական հնարավորությունները մի քանի անգամ նվազել են, բացի այդ հասկանալով Բրյուսելի ներկայիս անելանելի վիճակը, Մոսկվան նոր պայմանագիրը կկնքի բոլորովին այլ պայմաններով։
Ընդ որում` նման հանգուցալուծման նույնիսկ տեսական հավանականությունը բացառում է Ուկրաինայի մասնակցությունն այդ սխեմային։ Վերջինը, ինչպես խոստովանում են արևմտյան վերլուծաբանները, Ռուսաստանի հետ որևէ բանակցության չի գնա։
Իրավիճակը փոխել չկարողացավ նաև ակտիվորեն շուկայում առաջ մղվող ԱՄՆ հեղուկ գազը։
Գերմանացի նախարարը նշում է, որ երկրի հյուսիսում վերագազիֆիկացման միակ տերմինալի կառուցումը, որը նախորդ տարի արժանացավ կառավարության հավանությանը, փաստորեն դոփում է տեղում։ Անհավանական է, բայց տվյալ դեպքում Ռուսաստանը որևէ բանում մեղավոր չէ։ Դեմ են տեղի բնակիչներն ու բնապահպանական կազմակերպությունները, որոնք համոզված են, որ նման օբյեկտի գործարկումը վնաս կհասցնի առափնյա գոտու էկոլոգիային։ Բավական հեգնական է, չէ՞ որ դա կատարյալ համընկնում է կանաչ օրակարգի կանխադրույթների հետ, որոնք այդքան ակտիվ առաջ էր մղում նույն Բեռլինը, իսկ այժմ անձամբ է ճակատով դեմ առել մանրակրկիտ կառուցված պատին։
Երկրորդ հրապարակումը էլ ավելի ուժեղ է ընդգծում տեղի ունեցողի լրջությունը, քանի որ դրանում գերմանացի արդյունաբերողները, մասնավորապես RWE AG կոնցեռնի ներկայացուցիչները, փորձում են հաշվարկել, թե արդյոք հնարավոր է փրկել Գերմանիային Ուկրաինայի արևմուտքում գտնվող գազի ստորգետնյա պահեստարաններն օգտագործելու դեպքում։ Ներկա պահին Հին աշխարհի գազի սեփական ստորգետնյա պահեստարանները լցված են 70 տոկոսով, իսկ Լվովի մարզի ստորգետնյա ամբարները` 1/3–ով։ Եթե մնացած հզորությունները լցնեն, այնուհետև մղեն դեպի Սլովակիա, Լեհաստան, Ավստրիա և Գերմանիա, դա կարող է ապահովել սպառման առնվազն 10-15 տոկոսը։
Միևնույն ժամանակ հասարակությանը ապշեցուցիչ մի վիճակագրություն է հայտնի դարձել։
ԵՄ-ն վերջին 1.5 տարվա ընթացքում, շուկաներում խուճապից խուսափելու և ռեկորդային գներով խարսխային սպառողների էներգակիրների ձեռքբերումը փոխհատուցելու համար 646 մլրդ եվրո է ծախսել։ Հենց այդքան է գնահատում ինտերվենցիաները Bruegel վերլուծական գործակալությունը։ Զուտ համեմատության համար. մեր երկրի ռազմական ողջ բյուջեն արևմտյան մասնագետները 65-70 մլն դոլար են գնահատում, այսինքն` 10 անգամ քիչ, քան ծախսել է ԵՄ-ն իր տնտեսությունը վերջնականապես չկորցնելու համար։
Ուկրաինական սխեման անկասկած իր առավելություններն ունի։
Պահեստարանները գտնվում են մարտական գործողությունների գծից բավական հեռու և պատմականորեն խողովակաշարային խիտ սարդոստայնով կապված են հարևան երկրների հետ, այդ իսկ պատճառով մատակարարումներն այստեղից կարող էին իսկապես օգնել փլուզվող եվրատանը։ Խնդիրը, որը ոչ մի անգամ չի հիշատակվում հրապարակման մեջ, պարզ ու աննշան է։ Ուկրաինական գազի ստորգետնյա պահեստարանները լցնել կարելի է միայն ռուսական գազով, որի վտակը հերթական պատմական առճակատման բոլոր մասնակիցների ջանքերով աստիճանաբար նվազում է։
Այդ առնչությամբ կարծիք կա, որ Օլաֆ Շոլցն ու իր համախոհները մինչև ձմեռ ստիպված կլինեն մի քանի աղոթք սովորել։ Պետք կգա։