Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվել է․ փաստաբանը նյութերին է ծանոթանում

Նիստն ընդմիջվել է 1․5 ժամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվել է 1,5 ժամով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Նիստը սկսվեց և ընդմիջվեց 1․5 ժամով` իմ միջնորդությամբ, նյութերին ծանոթանալու համար»,-գրել է նա։
Նշենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այսօր նա կրկին ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։
Հավելենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին 2022–ին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու Արմեն Աշոտյանը մեղադրյալի կարգավիճակ ունի այդ նույն գործով։