Արցախում ադրբեջանական ԶՈւ–ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձի ուղղությամբ

А8цаш. Արխիվային լուսանկար
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Արցախում երեկ` հունիսի 14–ին, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
«Հունիսի 14-ին, ժամը 08:50-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողի այգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել իր ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նույն օրը, ժամը 10:00-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք զեկուցագիր է ներկայացվել այդ մասին։
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14–ի ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր էլ` հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։