Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ–ն Մարտունու ուղղությամբ հրադադարը չի խախտել

Խաղողի այգիներ Արցախում. Արխիվային լուսանկար
Այս կերպ Ադրբեջանը փորձում է հիմնավորել իր կողմից հրադադարի ռեժիմի խխտումն ու քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել` դրանով փորձելով իբր թե հիմնավորել իր իսկ կողմից հրադադարի խախտման դեպքերը։ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին, ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»,– նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին` ժամը 09:15-11:14-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։