Ադրբեջանն արգելել է բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով

Արխիվային լուսանկար
Ադրբեջանցիները թույլ չեն տվել Կարմիր խաչին Հայաստան տեղափոխել 25 բուժառուի, չեղարկվել է նաև Գորիսից Ստեփանակերտ ուղևորափոխադրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան։ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։ Նրանց ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ:
«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասին
Չեղարկվել է նաև այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներով։ Այս դեպքում ուղևորափոխադրումը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:
Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
«Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։