Ադրբեջանցի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է. ԱԱԾ

Արխիվային լուսանկար
Հայկական կողմը միջոցներ է ձեռնարկել` կանխելով ադրբեջանական առաջխաղացումն ու թույլ չտալով Ադրբեջանի դրոշ տեղադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախում Հակարիի կամրջի մոտ առաջխաղացման փորձ է արել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։
«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով»,– տեղեկացնում են ԱԱԾ–ից։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։ Զինվորականները կանխել են նաև ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու փորձը։
Սահմանապահ ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները հունիսի 15–ին Երասխ կայցելեն. Միրզոյան
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից կրակոցներ արձակելու և շինաշխատանքներին մասնակցող երկու օտարերկրացի, քաղաքացիական անձանց սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։