«Զանգեզուրի միջանցքի» հարցով կուլիսային պայմանավորվածություններ կան. իրանահայ պատգամավոր

Քաղաքական գործչի կարծիքով` իրական մտահոգություններ կան, որ Կարավային Կովկասում սահմանների ու քարտեզների փոփոխություններ կարող են լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հնարավոր է, կուլիսային պայմանավորվածություններ ունեն «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Miran Press–ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը։ Ըստ նրա` լուրջ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ:
«Թեև Հայաստանի իշխանությունները միշտ ասում են, որ դեմ են «Զանգեզուրի միջանցքին», փաստերը ցույց են տալիս, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայությունը Հարավային Կովկասում և վնասում Հյուսիս–հարավ միջանցքին»,– ասել է Շահվերդյանը։
Նա հայտարարել է, որ Իրանը ցանկանում է միանալ ԵԱՏՄ-ին` հավելելով, որ միջանցքի բացումը սահմանափակում է Իրանի հասանելիությունը Եվրասիայում, Սև ծովում և Վրաստանում հաղորդակցության ուղիներին: Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապ ունեն իրանական տարածքով, և տարածաշրջանում սահմանների փոփոխության անհրաժեշտություն չկա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը: Նա շեշտել էր, որ տարածաշրջանում հաղորդակցության հարցերին դրական մոտեցման դեպքում կարելի է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան երկաթուղային և ավտոմոբիլային միասնական ցանց, և հնարավոր կլինի բացել «Պեկին-Լոնդոն» ճանապարհը: