Վիրավորումը կրծքավանդակի հատվածում է. բժիշկը պատմել է տուժած հնդիկների վիճակի մասին

Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք վիրահատվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում աշխատելիս ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած հնդիկների կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արարատի ԲԿ–իվիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանը։
«Նրանց վիճակը կայուն է։ Վիրահատությունը լավ է անցել, սակայն անզգայացումից դեռ չեն արթնացել»,– նշեց բժիշկը։
Նրա խոսքով` երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում։ Վիրահատության ժամանակ բեկորները հեռացվել են։
Թե վիրավորներն ինչքան կմնան հիվանդանոցում,դեռ հայտնի չէ։ Բժշկի խոսքով` դա ցույց կտա առաջիկա երկու օրվա դինամիկան։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: