ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Վառելիքի շուկայում միշտ եղել են գերիշխող դիրք զբաղեցնողներ։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Իշխող խմբակցության պատգամավորին հետաքրքրում էր` քանի որ Անահիտ Սարգսյանը տարիներ շարունակ աշխատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, արդյոք 2017 թ. վառելիքի շուկայում մենաշնորհ եղե՞լ է, թե՞ ոչ։
Ի պատասխան Անահիտ Սարգսյանն ասաց, որ ո՛չ 2017 թ.-ին, ոչ էլ հիմա հայաստանյան որևէ շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնողներ չեն եղել. եղել են միայն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ, որոնք այսօր ևս գերիշխող դիրքում են։ Ըստ նրա` վառելիքի շուկայում այսօր գործում է 4 կամ 5 սուբյեկտ։
Սերգեյ Բագրատյանին չբավարարեց նրա պատասխանը և նա արձագանքեց. «2017 թ.-ին բենզինի գինը ոչ մի դրամով չի տարբերվել ոչ մի տնտեսվարողի մոտ։ Դա հենց մենաշնորհի դրսևորում է։ Ավելին, «Ֆլեշ» ընկերությունն այդ օրերին ամբողջովին կարգավորել է շուկան, քանի որ նրա նկատմամբ համապատասխան ճնշումներ չեն գործադրվել։ Այսօր, այո, չկան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ»։
Անահիտ Սարգսյանը նրան հիշեցրեց, որ հանձնաժողովը գները կարգավորող մարմին չէ։ Իսկ պատգամավորի նշած փաստերը կարող են ընդամենը լինել հակամրցակցային համաձայնության ազդակ, որ տնտեսվարողները եկել են համաձայնության ու բոլորով միասին բարձրացրել գինը։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն ինչ պայմանավորված է միջազգային շուկաներով։ Ու այսօր էլ հենց դրանով պայմանավորված բոլոր բենզալցակայաններում գինը չի տարբերվում»,– հայտարարեց նա։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին Անահիտ Սարգսյանին ևս ուղղեց այն հարցը, որ տվել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին. «Ձեզ հետաքրքրո՞ւմ է` դուք կընտրվեք, թե ոչ, քանի որ Հայկ Մամիջանյանի ասածից բխում է, որ իրենց դա չի հետաքրքրում։ Ձեզ դա հետաքրքրո՞ւմ է»։
Անահիտ Սարգսյանն արձագանքեց, որ, իհարկե, հետաքրքրում է, եթե ինքն այստեղ կանգնած է ու ելույթ է ունենում։
«Ես կցանկանայի ընտրվել ոչ թե իմ անձի, այլ նրա համար, որ ես ՄՊՀ–ում աշխատելու 10 տարվա փորձ ունեմ, բացի այդ` փաստաբան եմ աշխատել ու բավականին լավ եմ պատկերացնում այդ աշխատանքը»,– հայտարարեց նա։
Դիմելով Հայկ Մամիջանյանին` Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տեսնում եք պարոն Մամիջանյան, ձեր թեկնածուն ավելի տրամաբանական է պատասխանում։ Չստացվեց Ձեզ մոտ փչացնել տպավորությունը ձեր թեկնածուի մասին»։
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են ներկայացրել Անահիտ Սարգսյանին։