ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Վարդան Մինասյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»։ 3 տարի անց նա նորից գլխավորում է ակումբը:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վարդան Մինասյանին կմիանան մարզիչներ Արթուր Մկրտչյանը և Արտակ Օսեյանը։
Մինասյանն «Արարատ–Արմենիայի» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել, որը կարող է երկարացվել ևս մեկ տարով։
Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, հավաքականը երկրորդ անգամ գլխավորելուց հետո։
Նա մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին Հայաստանի երիտասարդական հավաքականում, այնուհետ աշխատել է «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», Հայաստանի ազգային հավաքականում: Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Հինգ անգամ Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել։
Նա 2021 թվականին 9 ամիս գլխավորել է ղազախական «Տարազ» թիմը և առաջնության վերջնամասում` հոկտեմբեր ամսին, հեռացել թիմից։
2023–ի մարտի վերջին Մինասյանը պայմանագիր կնքեց վրացական «Թելավիի» հետ, սակայն կարճ ժամանակ անց` մայիսի 8–ին, երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը։