ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր դեմ նոր մեղադրանքները որակել է որպես քաղաքական հետապնդում և պետության գործող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմի կողմից «ընտրությունները կրկին կեղծելու» փորձ:
«Այսօր մենք ականատես եղանք մեր երկրի պատմության մեջ լիազորությունների ամենասարսափելի և նողկալի չարաշահմանը։ Շատ տխուր է դրան հետևելը»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Ջերսիում իր կողմնակիցների համար։
ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ խոսքը «ընտրություններին միջամտելու և դրանց արդյունքները գողանալու ևս մեկ փորձի մասին է», բայց ամենակարևորը՝ խոսքը քաղաքական հետապնդման մասին է:
Սպիտակ տան նախկին ղեկավարը ընդգծել է նաև, որ լիակատար իրավունք ուներ իր տանը պահել փաստաթղթերը, որոնց ոչ պատշաճ պահպանման համար իրեն մեղադրում է հետաքննությունը:
«Ինչ փաստաթղթեր էլ նախագահը որոշի վերցնել իր հետ, նա դրա լիարժեք իրավունքն ունի։ Դա նրա բացարձակ իրավունքն է, և սա է օրենքը»,-ասել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ իր դեմ մեղադրանքները ուկրաինական Burisma էներգետիկ ընկերությունից բազմամիլիոնանոց կաշառք ստանալու մեջ պետության գործող ղեկավար Ջո Բայդենի ընտանիքի ենթադրյալ ներգրավվածությունից ուշադրությունը շեղելու փորձ են։
ԱՄՆ-ում հանրապետականներն արդեն երկար ժամանակ է, ինչ շրջանառում են Բայդենին տրված ենթադրյալ կաշառքի թեման, երբ նա Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Խոսքը, ենթադրաբար, 2015-2016 թվականների իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական Burisma ընկերությունը նախատեսում էր ԱՄՆ-ում հիմնված նավթագազային ընկերություն ձեռք բերել, ԱՄՆ ներկայիս նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի խորհրդատվական աջակցությամբ։
Թրամփը Բայդենին բազմիցս մեղադրել է ստի և կոռուպցիայի մեջ՝ նրան անվանելով «կոռումպացված քաղաքական գործիչ, որը չի կարող հավակնել նախագահի պաշտոնին»։