ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 2 օգտատեր բանակին օգնելու պատրվակով գումար են հավաքել և յուրացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 դրամ գումար»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Երկուսն էլ գումարի զգալի մասը յուրացրել են:
Նշված 2 դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:
ՊՆ–ն քաղաքացիներին կոչ է արել նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի։