ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Իտալիայում է։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, մայրուղիների, թունելների շինարարությանը։ Պատվիրակության անդամներն ուսումնասիրում են նաև դրանց պահպանման և շահագործման մեխանիզմները, ճանապարհային ցանցի կառավարման համակարգերը։
«Այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում, բարելավել հայ-իտալական ճանապարհային ենթակառուցվածքների փորձի փոխանակումը»,– տեղեկացնում է նախարարը։
Նշենք, որ աշխատանքային այցը մեկնարկել է հունիսի 12-ից։ Նախարարի հետ Իտալիա են մեկնել նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը։
Հայկական պատվիրակությունը Azienda Nazionale Autonoma delle Strade կազմակերպության հետ այցելել է 2,6 կմ երկարությամբ Tempio di Giove թունել։ Տեղում ծանոթացել են թունելի շինարարության նորմերին, պահանջներին։
Պատվիրակներին ներկայացվել են թունելաշինության ոլորտում իտալական փորձը, մեթոդները։