Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Սարգսյանը հորդորում է խուճապի չմատնվել

Արման Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը վստահեցրեց, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի գործողություններին։
Նա նշեց, որ վերջին օրերին որոշակի լարվածության միտում է նկատվում։ Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածում, և, որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր։
«Սա չի նպաստում բանակցային գործընթացին, վնասում է դրան, ձեռագիրը նույնն է, փորձում են փոքր, լոկալ խնդիրներ ստեղծել»,–ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն` դրանք հեռահար կրակոցներ են եղել, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։
«Ամեն դեպքում խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք այս տարածաշրջանում և կարծես թե սովորել ենք այս լարված իրավիճակում ապրելուն։ Պետք է լինենք զգոն, վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան»,–ասաց նա։
Սարգսյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական զինուժի այս ապակառուցողական մոտեցումը վերջ կունենա։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: