ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. ՀՀ ԱԺ հերթական նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց «Հայաստան» դաշինքի նախագծերին։
Խոսքը «Վարչական իրավախախտումների մասին» նախագծի մասին է, որը ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը։ Նախագծով առաջարկվում էր բնության, պատմամշակութային հուշարձանների վնասման համար սահմանված տույժերը կրկնապատկել։ Իշխող խմբակցությունն անգամ երեկվա նիստին առաջարկել էր կրկնապատիկից ավելին նախատեսել տույժերը։ Այսօր արդեն նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ձեռնպահ էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծից առաջ ևս հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու։ Նախագիծը ներկայացրել էին «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կրկին ձեռնպահ քվեարկեց։
ԱԺ-ն, ի թիվս այլ նախագծերի, ընդունեց նաև «Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը` 73 կողմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։