Մոսկալկովան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին համաժողովի է հրավիրել

Տատյանա Մոսկալկովա
Մանասյանը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին, որը կայանալու է հոկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Մոսկալկովան ու Մանասյանը զրուցել են տեսազանգի միջոցով։
Նրանք երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։
Զրույցի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը Անահիտ Մանասյանին շնորհավորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։
Հիշեցնենք` Մանասյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց ապրիլի 12-ին, մինչ այդ նա ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն էր։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը։